ՀՀ Սահմանադրության համաձայն՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։
Խտրականությունից զերծ լինելու իրավունքի բացարձակ և արժեքավոր էությունն ընկած է մարդու իրավունքների՝ առանց խտրականության իրացվելու հիմքում։ Այդ է պառճառը, որ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր հիմնարար ակտերը պարունակում են խտրանության արգելքի մասին դրույթներ։
ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է։ Խտրականություն է համարվում սեռի, (...) պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով, և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ։
Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից։
Թեև Հայաստանի Հանրապետությունը ստորագրել և վավերացրել է բազմաթիվ միջազգային իրավական ակտեր, որոնցով պարտավորություն է ստանձնել մշակելու այնպիսի քաղաքականություն և ներդնելու իրավունքի պաշտպանության այնպիսի մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում մարդու իրավունքները պետք է իրացվեն առանց խտրականության, այդուհանդերձ, աշխատանքային իրավահարաբերություններում խտրականության արգելքը դեռևս հնարավոր է լինում շրջանցել։
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՏՀՏ գործատուների միության և Կիրակի զարգացման հիմնադրամի համագործակցությամբ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում դիտարկումներ և առաջարկներ է ներկայացրել սեռով պայմանավորված խտրականության հիմքով աշխատանքային իրավունքների խախտումնեի վերաբերյալ։
Ստորև կարող եք ծանոթանալ առաջարկներին
• Մշակել և ընդունել «Խտրականության արգելքի մասին» համապարփակ օրենք, որը կպարունակի խտրականությունից պաշտպանված ցանկացած հիմքով իրավունքի պաշտպանության մեխանիզմներ,
• Կատարել փոփոխություններ դատավարական օրենսդրությունում, որով կսահմանվի հատուկ ընթացակարգ խտրականությունից զերծ լինելու իրավունքի խախատումների գործերով,
• Կատարել լրացումներ, որոնցով կներդրվեն գենդերային խտրականությունից պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ, ներառյալ աշխատանքի վարձատրության ցանկացած փոփոխություն (բարձրացում կամ իջեցում) կամ աշխատանքի պայմանների վատթարացումը սեռի հատկանիշով,
• ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր նորմով/նորմերով, որը խտրականության արգելքի մասին դեկլարատիվ նորմը կդարձնի կենդանի՝ հետևանք առաջացնող,
• ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել «աշխատավայրում բռնություն և ոտնձնգություն» հասկացությամբ,
• ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել «սեռական ոտնձգություն» հասկացությամբ,
• Ամրագել զոհի իրավական պաշտպանության մեխանիզմներ,
• Ամրագել օրենսդրական պահանջ՝ գործատուների կողմից մշակել և ընդունել վարքագծի կանոններ, որոնք կպարունակեն նաև սեռական բռնությունից և ոտնձգությունից զերծ աշխատանքային միջավայր ստեղծելու կանոններ։
«Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է 2021 թվականի փետրվարից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի զարգացման հիմնադրամի համագործակցությամբ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչության) հետ սերտ համագործակցությամբ և նպատակ ունի նպաստել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը՝ խթանելով տվյալների նորարարությունը և միջոլորտային համագործակցությունը։
Դիտվել է
286 անգամ