Կայացավ ԱՐՄԱՎԻՐՅԱՆ ԴԻՄԱԳԻԾ խորագիրը կրող ցուցահանդեսն ու Արմավիր ինֆոտան գործունեության ամփոփումը


2021-09-18

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը իր  «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է ՀՈԱԿ-ների զարցամանն ուղղված գործողություններ:

Դրանցից մեկը ՀՈԱԿ-ների շահառուների և ոլորտով հետաքրքրված այլ երիտասարդների շրջանում միջոցառումների կազմակերպման հմտությունների ուսուցումն էր ՝ գործնական աշխատանքի միջոցով:

Որպես գործնական աշխատանք՝ շարունակական հանդիպումների, քննարկումների արդյունքում երիտասարդների կողմից նախաձեռնվեց Արմավիր քաղաքին նվիրված «Արմավիրյան դիմագիծ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:

Մինչ միջոցառումը հանդիպում տեղի ունեցավ լուսանկարչությամբ հետարքրքված երիտասարդների հետ, ներկայացվեց ծրագիրը, քննարկվեց ցուցահանդեսի թեման, ուղղվածությունը, յուրաքնաչյուր մասնակից ներկայացրեց այն շինությունների ցանկը, որոնք ցանկանում էր լուսանկարել:

Այնուհետև Ինֆոտանը լուսանկարիչ Նարեկ Շահնազարյանը անցկացրեց վարպետության դաս՝  ներկայացնելով իր մասնագիտական գաղտնիքները, պրոֆեսիոնալ լուսանկարներ ստանալու հմտությունները: Մասնակիցները շրջեցին քաղաքով և մասնագետի օգնությամբ իրականացրեցին նկարահանումներ:

Մեկ ամիս տևած նախապատրաստական աշխատանքներից հետո Սեպտեմբերի 17-ին կայացավ լուսանկարների ցուցահանդեսը:

Քանի որ քաղաքում չկա հարմարավետ ցուցասրահ, միջոցառման կազմակերպչական խումբը դիմել էր «Կոմֆորտ թրավել լյուքս» ընկերությանը, որը տրամադրել էր  հարմարավետ և լուսավոր տարածք Արմավիրի կենտրոնական՝  Երևանյան փողոցում: Այս կերպ ծրագրային թիմը փորձել էր առանձնանալ նաև տարածքի ընտրության եղանակով՝ արդյունավետ համագործակցելով նաև տեղական բիզնեսի հետ:

Ցուցահանդեսին ներկա եղան նաև Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջի դիզայնի բաժնի ուսանողներ, դասախոսներ: Ինֆոտան հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը ներկայացրեց ծրագիրը, ցուցահանդեսի գաղափարն ու նպատակը:

Այցելու երիտասարդները ոգևորվեցին այն գաղափարով, որ հնարավոր է սեփական  ուժերով կազմակերպել մշակութային միջոցառումներ և ներկայացնել սեփական աշխատանքները: Պայմանավորվածություն ձեռք բերեցին ապագայում այս ոլորտում համագործակցել Արմավիր ինֆոտան հետ:

«Հաջորդ ցուցահանդեսին ես էլ կմասնակցեմ իմ նկարով».- ասաց Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը, անմիջապես, երբ ծանոթանում էր ցուցանմուշներին: Այսպիսով ոգևորելով ծրագրային թիմին՝ շարունակական ամենամյա դարձնել քաղաքին նվիրված ցուցահանդեսները: Իսկ Արմավիրի համայնքապետարանի Կրթության բաժնի պետ տիկին Դոլինյանը նոր միտք տվեց թիմին. «Այս տարի թեման ճարտարապետությունն է, հաջորդ տարի թող լինի քաղաքի բնակիչը….»:

Օգտվելով հնարավորությունից, թիմը համայնքապետին ներկայացրեց երկու խնդիր, որին առնչվեցին և ակնառու դարձավ կազմակերպչական պրոցեսում. առաջինը  քաղաքում լուսավոր, մեծ և հարմարավետ պատկերասրահի բացակայությունն էր, իսկ երկրորդը՝ քաղաքի շենք-շինությունների արտաքին տեսքը խախտող գովազդային ցուցանակների ու պաստառների առատությունը:

Համայնքի ղեկավարը նշեց, որ երկու խնդիրն էլ օրակարգային են, իսկ առաջինի մասով արդեն իսկ ունեն պլաններ, որոնք հուսով են շուտով կիրականանան և քաղաքում երիտասարդների համար կստեղծվի կենտրոն, որը կներառի նաև պատկերասրահ:

Հարցին՝ թե քանի՞ օր և որտե՞ղ են հասանելի լինելու ցուցանմուշները, պատասխանեցին, որ ցանկություն կար իրականացնել կամ տեղափոխել Արավիր քաղաքի արվեստի դպրոց ՀՈԱԿ, սակայն հակահամաճարակային սահմանափակումներ կան այնտեղ հանրային մեծ միջոցառումներ անցկացնելու մասով:

Պարոն Խուդաթյանը առաջարկեց  լուսանկարների ցուցադրությունը սեպտեմբերի  21-ից շարունակել Արմավիրի մշակույթի տանը, որտեղ իրականանալու է նաև անկախության  30-ամյակին նվիրված միջոցառում:

Ցուցահանդեսի երկրորդ հատվածը նվիրված էր ինֆոտնեցիներին: Փոքրիկ հրաժեշտի ցերեկույթով տարբեր տարիների ինֆոտան ակտիվ  կամավորներին հանձնվեցին  Արմավիր Ինֆոտան «քաղաքացիության անձնագրեր»: Այս անձնագրերը  բացի անձնական տվյալներից ներառում են նաև տեղեկատվություն նրանց այն հմտությունների մասին, որոնք  ձեռք են բերել համագործակցության արդյունքում:

Այսպիսով՝ Ինֆոտունը տասնյակ երիտասարդների կյանքում տարիներ շարունակ փոփոխություններ է մտցրել: Ոմանք ինքնամփոփ, պարփակված պատանուց դարձել են ակտիվ երիտասարդ, սեփական անձի հանդեպ անվստահությունը վերափոխվել է ինքնավստահությամբ, սեփական կարծիք ունենալու և չվախենաու այն արտահայտել, նրանք սովորել են աշխատել թիմով, նպատակասլաց լինել, ավելի շատ են կարևորել կրթությունն ու սովորել են սովորել, մեդիագրագետ են, կարողանում են վերլուծել ու քննադատական մտածողություն ունենալ, դարձել են ակտիվ քաղաքացիներ, շատերը այդ ակտիվությունը չեն կորցրել և զարգացրել են նաև ուսանողական շրջանում:

Ինֆոտնեցի երիտասարդների մեծամասնությունը ոչ ֆորմալ կրթությանը, ՀԿ ոլորտին առաջին անգամ ծանոթացել է հենց Արմավիր ինֆոտանը, հետագայում նրանք ցանկալի  շահառու, ակտիվ ու վստահելի կամավոր են դարձել նաև այլ գործընկեր կազմակերպություններում՝ զարգացնելով  անձնային հմտությունները:   

 

Ավելի շատ լուսանկարներ կարող եք տեսնել այստեղ ՑՈւՑԱՀԱՆԴԵՍԻՑ  և  ԻՆՖՈՏԱՆ ԱՄՓՈՓՈւՄԻՑ


«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ:

 



Դիտվել է 195 անգամ