Բուռն քննարկումներ Առողջապահության և Կրթության ոլորտում իրականացված հանձնառությունների շուրջ


2021-04-13

Ապրիլի 9-ին «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020թթ-ի ռազմավարության շրջանակում տեղի ունեցավ հանրային լսում «Հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում», «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ» և «Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում» հանձնառությունների վերաբերյալ։ Հանրային լսումը կազմակերպել էր Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝ Վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան քարտուղարության հետ համատեղ:

Հանդիպման բանախոսներն էին Լիլիա Աֆրիկյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղար/հայաստանյան կոնտակտային անձը, Ծաղկանուշ Սարգսյանը՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության բաժնի ղեկավարը, Կարեն Գրիգորյանը՝ Կադաստրի կոմիտեի  Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարը և Սյուզի Մաշուրյանը՝ Կրթության տեղեկատվավերլուծական (ԿՏՎ) բաժնի պետը։

Հանդիպմանը մասնակցում էին Երևան քաղաքի համայնքային ծառայողներ, քաղ․ հասարակության ներկայացուցիչներ, կրթության և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ։

Հանրային լսման ընթացքում քննարկվեցին նշված հանձնառությունների իրականացման ընթացքը, իրականացված աշխատանքների վերաբերյալ հավաքագրվեց շահագրգիռ կողմերի կարծիքները, դրանց շուրջ առկա դիրքորոշումները։ Հետադարձ կապի նպատակը հավաքագրված առաջարկների ներկայացումն է ՀՀ Կառավարությանը՝ հանձնառությունների հետագա բարելավման և ավելի հասցեական դարձնելու համար:

Հատկապես բուռն քննարկումներ ծավալվեցին Կրթության և Առողջապահության ոլորտների հանձնառությունների շուրջ, քանի որ վերջիններս արդեն տևական ժամանակ է օգտագործվում են ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Վերջիններիս սա թույլ է տալիս նշելու նշված հանձնառությունների շրջանակում ստեղծված էլեկտրոնային գործիքների (emis.am և armed.am կայքեր) և՛ առավելությունները, և՛ թերությունները՝ գործարկման գործընթացի և բովանդակության հետ կապված։

Արդյունավետ էր քննարկումն այն առումով, որ եղան այնպիսի կառուցողական առաջարկներ, որոնք թույլ կտան էլեկտրոնային գործիքների հետագա զարգացումն ապահովել, որոնք գրանցվեցին ու հաշվի առնվեցին հանձնառությունները ներկայացնող փորձագետների կողմից։

__________________________________________________________________________________________________________________________________________

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում

 

 



Դիտվել է 639 անգամ