Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «Բաց կառավարման գործընկերության մասնակցային (ԲԿԳ) մոդել» ծրագիրը, որի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության մասնակցության զարգացմանն ու ապահովել քաղաքական երկխոսություն` ի նպաստ ԲԿԳ պարտավորությունների բարելավման, կառավարության թափանցիկությանը և հաշվետվողականության:
Հունիսի 25-ին ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ԱԶԿ ՀԿ-ի և Վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան քարտուղարության կողմից տեղի ունեցավ վերջին հանրային լսումը Թաուն հոլ ֆորմատով։ Քննարկվեցին «Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիություն», «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ» և «Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում» հանձնառությունները։
Հանդիպման բանախոսներն էին ՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը, կրթության տեղեկատվավերլուծական (ԿՏՎ) բաժնի պետ Սյուզի Մաշուրյանը և ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը։ Հանդիպմանը ներկա էին մարզի համայնքային ծառայողներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, կրթության և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ։
Հանրային լսման ընթացքում քննարկվեցին նշված հանձնառությունների իրականացման ընթացքը, իրականացված աշխատանքների վերաբերյալ հավաքագրվեցին շահագրգիռ կողմերի կարծիքները, դրանց շուրջ առկա դիրքորոշումներն ու առաջարկությունները։
Մասնակիցները որոշ չափով ծանոթ էին կրթության և առողջապահության ոլորտներին առնչվող հանձնառություններին, սակայն ջրային ռեսուրսների կառավարմանը վերաբերող հանձնառությունից ներկաների մեծամասնությունը իրազեկված չէր։ Բանախոսները ներկայացրին մշակված գործիքները, որից հետո ներկաները հնարավորություն ունեցան հանդես գալ իրենց առաջարկներով, մասնագետներին հղել իրենց հուզող հարցերն ու ստանալ սպառիչ պատասխաններ։ Այս հետադարձ կապի նպատակն էր հավաքագրել ոլորտների ներկայացուցիչների առաջարկներն ու դրանք ներկայացնել ՀՀ Կառավարություն՝ հանձնառությունների հետագա բարելավման և դրանք ավելի հասցեական դարձնելու համար:
Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։