Արցախի պետական համալսարանում մեկնարկել են «Լեռնային Ղարաբաղում հասարակության ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագրի երկօրյա դասընթացներ


2019-06-20

Արցախի պետական համալսարանում մեկնարկել են «Լեռնային Ղարաբաղում հասարակության ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագրի երկօրյա դասընթացներ

Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) հունիսի 17-ին և 18-ին տեղի ունեցան «Լեռնային Ղարաբաղում հասարակության ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագրի երկօրյա դասընթացները, որոնք նախատեսված է ԱրՊՀ դասախոսների և ուսանողների համար:

Դասընթացներն անցկացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ «Լեռնային Ղարաբաղում հասարակության ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ համագործակցելով Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և «ԻՆԹՐԱ» հոգեկան առողջության կենտրոնի հետ:

Խոսելով ծրագրի ընդհանուր նպատակից` «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը նշեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում կնոջ դերը կարող է մեծ լինել, եթե կարևորենք ու քայլեր ձեռնարկենք կանանց այդ հարցում ուժեղացնելու նպատակով, որին և միտված է ծրագիրը»:

Բանախոսությամբ հանդես եկան «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի փորձագետներ Անի Թովմասյանն ու Անի Հարությունյանը, ովքեր ներկայացրին ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը, որը վերաբերում է հակամարտությունների կարգավորման գործընթացում կանանց ներգրավվածությանը:

Դասընթացն անցավ հետաքրքիր ու ինտերակտիվ քննարկումներով` յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իր տեսակետը` հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կանանց ներգրավվածության հարցի վերաբերյալ:

Դասընթացի մասնակից կին դասախոսները հետաքրքիր, պահանջված ու արդիական համարեցին դասընթացը, քանի որ կարևոր հարցեր բարձրացվեցին, հարցեր, որոնք իրենց կյանքին ու անվտանգությանն են վերաբերում, բայց միևնույն ժամանակ կարծես հեռու են իրենցից, որովհետև հիմնականում չէին մտածել, թե ինչ դերակատարում կարող են իրենք ունենալ խաղաղարարության գործընթացում։

Դասընթացի արդյունքում իրենց ընկալումներում ունեցած փոփոխությունները կարևորեցին ուսանողները՝ նշելով, որ ինչքան էլ կողմ լինեն, որ կանայք կարևոր դերակատարում կարող են ունենալ հակամարտության կարգավորման գործում, բայց կանանց իրավունքների մասին Արցախում շատ չի խոսվում ու այդ իմաստով թեման լայն հանրություններին ներկայացնելու ու առաջ մղելու կարիք ունի։ Տեղեկացվածության արդյունքում է, որ պետք է անցնեն հաջորդ քայլին՝ այն է գործնական քայլեր կատարեն կանանց մասնակցությունը ավելացնելու համար հակամարտությանը առնչվող որոշումների կայացման մարմիններում։


Միջոցառումը անցկացվում է «Լեռնային Ղարաբաղում հասարակության ներգրավվածության կարողությունների բարձրացում»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Կովկասի ինստիտուտը՝ Արմավիրի զարգացման կենտրոնի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնի հետ համագործակցությամբ:

 



Դիտվել է 552 անգամ