Բասկետբոլի զարգացումը Արմավիրում


2019-12-13

Գաղտնիք չէ, որ սպորտը վաղուց մեծ դեր է խաղում մարդու ներդաշնակ զարգացման գործում: Շատ գովելի է այն փաստը, որ վերջին ժամանակներում երիտասարդ սերնդի կողմից մեծ հետաքրքրություն է առաջանում այս կամ այն մարզաձևի նկատմամբ:

1891 թվականին ստեղծված բասկետբոլ թիմային մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը տարիների ընթացքում ավելանում է։Այն մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ:

Արմավիրի թիվ 1 մարզադպրոցում  1978 թվականից գործում է բասկետբոլի խմբակ: Բասկետբոլի հավաքականի հետ կապված նոր պլանների մասին մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Դարբինյանը նշեց, որ անում են ամեն ինչ, որպեսզի թիմը հնարավորություն ունենա մասնակցելու փնջային և հանրապետական մրցաշարերին:

Պարոն Դարբինյանի խոսքով մարզադպրոցը հագեցած է համապատասխան մարզագույքով (գնդակ, մարզադահլիճ), ձմռան ամիսներին դահլիճը ջեռուցվում է լոկալ ջեռուցման համակարգով, թիմից էլ  ակնկալվում է լուրջ մոտեցում հետագա խաղերին մամասնակցելու համար:

Պարոն Դարբինյանը հավելեց նաև, որ Արմավիրի թիվ 1 մարզադպրոցը կարևոր նշանակություն ունի Արմավիրցիների կյանքում, նշելով, որ ընդունելությունը կատարվում է 4 տարեկանից սկսած:

2009 թվականից  թիմի մարզիչը  Լյովա Թովմասյանն է։ Բացի Արմավիրի թիվ 1 մարզադպրոցից Լյովան աշխատել է նաև Հացիկ և Մյասնիկյան համայնքների դպրոցներում: Արմավիրի թիմի հետ նա գրանցել է բավականին հաջող արդյունքներ:

Նշանակալի հաղթանակ էր 2015 թվականի Հայաստանի առաջնությունում Արաբկիրի հետ խաղում զբաղեցրած 2-րդ հորիզոնականը:

Մարզիչը շատ է  կարևորում այն փաստը, որ տարվա մեջ 2 անգամ գնում է վերապատրաստման դասընթացների՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում:

Ընկեր Լյովայի (այսպես են նրան  դիմում աշակերտները) մասին գովեստով են խոսում սաները: Նրանց  խոսքերով  բավականին պատասխանատու և փորձառու մարզիչ է: Սաներից Հասմիկը նշեց, որ ընկեր Լյովան առանձնանում է սաների հանդեպ մարդկային և ընկերական վերաբերմունքով: Նրա հետ յուրաքանչյուր մարզում այնքան լավ է անցնում, որ ինքն անհամբեր սպասում է հաջորդ մարզումներին:

Թիմի անդամներից Ավետիսի ու Յուրայի հավաստմամբ մարզումները դրական ազդեցություն են ունենում իրենց ֆիզիկական կառուցվածքի վրա և դրական լիցքեր են հաղորդում:

 

Հեղինակներ՝

Էմմա  Բաղդասարյան

Հասմիկ Մկրտչյան

 



Դիտվել է 1074 անգամ