Տեղի ունեցավ Նվազեցնենք խտրականությունը զբաղվածության ոլորտում թեմայով համաժողովը


2019-09-20

Տեղի ունեցավ «Նվազեցնենք խտրականությունը զբաղվածության ոլորտում» թեմայով համաժողովը

 

 

Սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ «Նվազեցնենք խտրականությունը զբաղվածության ոլորտում» համաժողովը՝ «Համագործակցություն հանուն սոցիալ-ներառական և գենդերային զբաղվածության քաղաքականություն» ծրագրի շրջանակներում՝ Ուկրաինայի «Սոցիալական և քաղաքական զարգացումների բյուրոյի», Վրաստանի «Սերունդների երկխոսություն» հետազոտական ակումբի և Իտալիայից ու Էստոնիայից ժամանած փորձագետների հետ համատեղ։

Համաժողովի ընթացքում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և գործընկեր կազմակերպությունները ներկայացրին իրենց երկրներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները աշխատաշուկայում առկա խտրականության, դրա դրսևորման ձևերի, պատճառների, խտրականության դեմ պայքարի օրենսդրական դաշտի ու դրա կիրարկման վերաբերյալ։

Հետաքրքրական է, որ նույն խնդրի շուրջ ուսումնասիրություն իրականացրած երկրները, որոնք աշխարհագրական ու քաղաքական տարբեր իրողությունների կրողներ են, ունեին արդյունքների բավականին շատ համընկնումներ։ Օրինակ, աշխատաշուկայում դրսևորվող խտրականությունը հիմնականում գենդերային, տարիքային և հաշմանդամության հիմքով է, իսկ սրանց ներքո ընկած պատճառները ևս շատ տարբեր չեն։ Բայց այս երկրների փորձառությունները տարբերվում են օրենսդրական կարգավորումներով, դրանց կիրարկման մակարդակով և խնդրի տարածվածության մասշտաբով։


 


Ծրագիրը ֆինանսավորվում է ԱԼԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից։



Դիտվել է 39 անգամ