Մեկնարկեց Արմավիր ինֆոտան լրագրության ամառային դպրոցը


2019-06-12

Մեկնարկեց Արմավիր ինֆոտան լրագրության ամառային դպրոցը

 

Հունիսի 11-ին Արմավիր ինֆոտանը մեկնարկեց  լրագրության ամառային դպրոցը, որը իրականացվում է  «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։

«Լրագրությունը որպես չորրորդ իշխանություն» թեմայով   դասընթացը վարեց լրագրող, խմբագիր Լիլիկ Ստեփանյանը։

Հանդիպման սկզբում  մասնակիցները ծանոթացան  և ներկայացրեցին իրենց առընչությունը լրագրության հետ․ հիմնականում  նրանք որպես  ընթերցող էին, ապա՝  որպես «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» դասընթացի մասնակից, որոշներն էլ իրենց  առաջին փորձերն էին ցանկանում անել այս ոլորտում։

Տիկին Ստեփանյանը խոսեց լրագրության կարևորության, հասարակության մեջ կատարած դերի մասին, ներկայացրեց  լրագրողի աշխատանքի առանձնահատկությունները, նա  հանձնարարեց մեկ բառով նկարագրել, թե ըստ իրենց ինչպիսի՞ն պետք  է  լինի լրագրողը, արդյունքում ներկաները նշեցին տարբեր դրական հատկանիշներ, որոնք բնութագրում էին իդեալական մարդու կերպարը․ ազնիվ, համարձակ, ճշտախոս, խելացի, կիրթ, զարգացած և այլն։

Օրվա հաջորդ  հանձնարարություները   բառերի խմբով կապակցված տեքստի կազմում ու տարածքի նկարագրությունն էին, որոնց ժամանակ մասնակիցները  փորձեցին իրենց ստեղծագործական, ճշգրիտ ինֆորմացիայի տրամադրման և արագ կողմնորոշվելու հատկությունները։

Տիկին Ստեփանյանը ներկյացրեց նաև հարցազրույցների անցկացման որոշ տեխնիկական հմտություններ՝ սխալ կազմակերպված հարցազրույցի օրինակով՝ ուշադրություն հրավիրելով ինֆորմացիայի ճշգրտման կարևորությանը, հարցազրույցներին հնարավորինս պատրաստված գնալու կարևորությանը։

Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։