Ծաղկալանջի դպրոցի ընկեր Անին


2020-06-05

2015 թվականին կրթության հասանելիության բարելավման առաքելությամբ  ստեղծված « Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի ծրագրով վերապատրաստած  մասնակիցները ուղևորվեցին գործընկեր հանրակրթական  դպրոցներ։

2015 թվականին  Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ)  մանկավարժություն և սոցիոլոգիա  բաժնի շրջանավարտ Անի Սահակյանը Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան հ․11 հիմնական դպրոցում աշխատանքի անցավ՝  որպես սոցմանկավարժ։

Նույն դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհին «Դասավանդիր  Հայաստան» ծրագրի մասնակիցն  էր, ով  դարձավ Անիի գաղափարական ընկերն ու մոտիվացրեց  նրան՝  դիմելու ծրագրին։

Իհարկե՛,  սկսնակ  սոցմանկավարժի համար, ով  դեռ  չէր հասցրել փորձ  ձեռք  բերել,  դժվար էր պատկերացնել, որ ծրագրի արդյունքում կարող է  երկու տարի աշխատել ծննդավայրից  հեռու  որևէ համայնքում։

Անին երկրորդ անգամ դիմեց  ծրագրին արդեն երկու տարի անց, երբ ուներ աշխատանքային փորձ, մասնագիտական և անձնային ինքնավստահություն ու պատրաստ էր ցանկացած համայնքում աշխատելու։

«Ծրագրի մի քանի փուլ անցնելուց  հետո մասնակիցներին  գիշերակացով մեկ օրով  ուղարկում են որևէ  հեռավոր գյուղ, որպեսզի  նա  հնարավորություն ունենա հասկանալ՝  արդյոք  պատրաստ է երկու տարի անծանոթ և հեռու  միջավայրում ապրել ու դասավանդել։  Ինձ  ուղարկեցին Լոռու մարզի  Քարինջ գյուղ։ Մարզին ու գյուղին  սիրահարված վերադարձա  և հաստատ  որոշեցի, որ կարող եմ  շարունակել ծրագրին իմ մասնակցությունը»։

Անիի մասնագիտության պահանջարկն ուներ Ծաղկալանջի միջնակարգ դպրոցը, որտեղ  երկու տարի աշխատեց որպես  ուսուցչի  օգնական։

2020 թվականի սեպտեմբերը նա որպես  աշխատակից չի դիմավորի Ծաղկալանջում․

«Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամը իր ծրագրի մասնակիցների հետ պայմանագիր է կնքում երկու տարի ժամկետով։ Դրանից հետո մասնակիցներից ոմանք ցանկության դեպքում կարող են շարունակել դպրոցներում իրենց գործունեությունը, եթե համաձայնության գան դպրոցի ղեկավարության հետ։ Նմանօրինակ դեպքերում հիմնադրամը ֆինանսական պատասխանատվություն չի կրում։ Պայմանագրի ավարտից հետո մասնակիցները ստանում են «Կրթության հավասարության դեսպան-շրջանավարտ» կոչում և դառնում են շրջանավարտների ցանցի անդամ։ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի ծրագրային թիմը աջակցում է շրջանավարտների մասնագիտական աճին՝ պարբերական սեմինարների, հանդիպումների միջոցով։

Ծաղկալանջի միջնակարգ  դպրոցում Անին «Դասավանդիր Հայաստան»  ծրագրի առաջին մասնակիցը չէր։

Նրանից  առաջ այստեղ  աշխատել է  Օլյա  Հովհաննիսյանը, ով դպրոցում գործարկել է առաջնորդության զարգացման  և  ընթերցանության «Զարթնիր»  խմբակները։

Անին շարունակում է  ընթերցանության, զուգահեռ  ստեղծում անգլերենի ուսուցման և ձեռագործ աշխատանքների «Հմուտ ձեռքեր» խմբակները։

Վերջինիս  մասանկցում են երկու տարիքային խմբեր։ Փոքրերը  կտորներով և այլ պարագաներով կարում են փոքրիկ իրեր, օրինակ, գրչատուփեր։ Իսկ  մեծերը ստեղծում են փափուկ գրքեր։ Աշխատանքները վաճառվում են, գումարի մի մասը պատրաստողինն է, իսկ մյուս  մասը խմբակինը՝ նյութերի ձեռքբերման համար։

Համաճարակային պայմաններում  խմբակները չգործեցին։ Կիսատ մնաց նաև ծնողներից  մեկի հետ կարուձևի դասավանդման պայմանավորվածությունը։

Անին նպատակ ուներ նաև ստեղծել լրագրության խմբակ, սակայն, իմանալով ԱԶԿ ՀԿ-ում Արմավիր ինֆոտան լրագրության խմբի մասին, նա  հետաքրքրվողներին ուղղորդեց  այնտեղ։

Տարրական դասարանի աշակերտների համար նա  և Օլյա  Հովհաննիսյանը ստեղծեցին վայելչագրության խմբակը, որը բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել մասնակիցների շրջանում։

Երկու տարվա  ընթացքում բացի խմբակներից իրականացրել է  նաև կարճատև ծրագրեր՝ հանդիպումներ, կինոդիտումներ, քննարկունմներ, այցեր և այլն։

«2 տարվա ընթացքում ամենամեծ ձեռքբերումս համարում եմ թե՛ կոլեկտիվից, թե՛ աշակերտներից ստացած սերը, իսկապես շատ լավ կոլեկտիվ եմ ունեցել (իհարկե՛, հուսով եմ, որ բացի ստանալը նաև համարժեք փոխադարձել եմ)։

 Երեխաներս են իմ ձեռքբերումները՝ հրաշքներ են, այնքան եմ մտերմացել, որ արդեն ուսուցիչ-աշակերտ սահմանը պահելը շատ դժվարանում է, ու դպրոցից գնալուց հրաժեշտ չեմ տալու, վստահ եմ, որ նույն ընկերական կապը մնալու է ու շարունակելու ենք մեկս մյուսին մոտիվացնել, ուրախանալ միմյանց հաջողություններով»։

Ծրագրի ընթացքում «Դասավանդիր Հայաստան»-ից էլ ստացել եմ ահռելի մեծ հմտություններ թե՛ դասավանդման, թե՛ առաջնորդության։ Սկսած ամենափոքր՝ հաղորդակցման հմտությունից մինչև մասնագիտական աճը։ Շատ մեծ կապեր եմ ձեռք բերել, օրինակ, բացի կոլեգաներից և աշակերտներից ընկերացել եմ նաև գյուղացիներից շատերի հետ, ու երբ տանը ասում եմ «մեր գյուղը», արդեն գիտեն, որ Ծաղկալանջը նկատի ունեմ, ոչ թե Ոսկեհատը (Ոսկեհատը բնակավայրս է)։

 

Հոդվածը  պատրաստեց  Շուշանիկ  Բուդաղյանը

 

 



Դիտվել է 543 անգամ