Հոգեբանություն. կայացավ մասնագիտական կողմնորոշման հանդիպումը


2020-05-02

«Արմավիրի զարգացման կենտրոն»  հասարակական կազմակերպության «Արմավիր ինֆոտուն»-ը իր ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում մեկնարկել է  մասնագիտական կողմնորոշման  օնլայն  հանդիպումների շարքը:

Այն նախատեսված է ապագա  ուսանողների և մասնագիտություն ընտրելու դժվարություններ ունեցող անձանց  համար:

Առաջին հանդիպման թեման հոգեբանությունն էր, որը կայացավ մայիսի  1-ին:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը  ներկայացավ  «Հոգեբանի գործունեությունը և գործառույթները. hոգեբանի դերը հասարակությունում» թեմայով:

Հոգեբանական աշխատանքի դժվարությունների հաղթահարման մասին խոսելիս  նա  նշեց կարևոր հանգամանքներ՝ վստահության դաշտի ստեղծում, այցելուի գանգատի լսում, ինչպես  նաև նրա  կյանքի միջավայրի, ընտանիքի, գենետիկ հիվանդությունների և այլ տեղեկությունների ձեռքբերում,  հոգեբանական թեստերի միջոցով  հետազոտություն, որոնց  հիման վրա  էլ  կառուցվում է  ողջ  հոգեբանական աշխատանքը:

Այս  ամբողջական տեղեկատվությունը ունենալու դեպքում է  մասնագիտական աշխատանքը դառնում առավել արդյունավետ:

Հոգեբանների մոտ շատ կարևոր  սկզբունք  է  մարդկանց անձնական գաղտնիքը հարգելը: Այն ամենակարևոր  հանգամանքն է  վստահություն ձեռք  բերելու համար, քանի որ միայն այդ դեպքում այցելուն կարող  է  իր խնդիրների մասին անկեղծ խոսել, դա  նաև մարդու իրավունքների պաշտպանությունն է հոգեբանի կողմից:

Հաճախ  սկսնակների մոտ վախ է  առաջանում, որ  իրենց  աշխատանքը կարող  է  արդյունք  չունենալ:

Սա  առաջանում է անձնային և մասնագիտական անվստահությունից, ինչը նշանակում է, որ, հնարավոր է, տագնապային անձնավորության հատկանիշներ ունենա անձը:

Այս  ամենը հաղթահարվում է մասնագիտական աճի և փորձի հետ: Կարևոր է նաև կամավորական աշխատանքը, երբ հսկում են, ուղղություն են ցույց տալիս, որի արդյունքում է սկսնակն ունենում  մասնագիտական աճ:

Իհարկե  մեծ դեր ունի նաև  գիտելիքների բազան, որի կուտակման հնարավորություններն այսօր շատ են: Գործնական դասընթացները հնարավորություն են տալիս  հասկանալ կոնկրետ իրավիճանում մասնագիտական քայլերը: Կարևոր է  նաև  գործնական հոգեբանի մոտ այցելությունը: Նա  կարող   է  օգնել՝  բացահայտելու  վախերի պատճառները, աշխատելու դրանց  հաղթահարման ուղղությամբ:

Անի Ապիտոնյանը  անդրադարձավ  նաև մասնագիտական  աճին:

Կարևոր  է  նպատակադրումը, մասնագիտական նպատակների հստակեցումը:

Հոգեբաններին նույնպես  անհրաժեշտ է  անձնային թերապիա, որով զբաղվում են սուպերվայզերները: Նրանք  օգնում են պրակտիկ հոգեբաներին հասկանալ սեփական ապրումները, խնդիրները, դիրքորոշումները, որպեսզի  դրանք  չխառնեն այցելուների դիրքորոշումներին և չպնդեն, որ այն նրանցն է: Բացի  այդ, կարևոր է, որ հոգեբանը ժամանակի ընթացքում իր այցելուների խնդիրները չընկալի որպես իրենն ու դրանով իր վիճակն էլ չբարդացնի:

Ստացվում է, որ մասնագիտական աճին  աջակցում են սուպերվայզերները: Հայաստանում քիչ են նրանք: Սուպերվայզերը այն հոգեբանն է, ով տասնհինգ և ավելի  տարիներ անդադար պրակտիկ հոգեբանությամբ է զբաղվել: Բացի այդ  նա  պետք  է  ունենա  500 ժամ և ավելի անձնային թերապիա, սուպերվեզիա: Պետք  է աշխատած լինի հոգեբանության տարբեր ուղղություններով, քանի որ մեկ այցելուի հետ հոգեբանն աշխատում է  տարբեր ուղղություններով՝ սա կախված  առանձնահատկությունից: Սուպերվայզերը նաև պետք է  աշխատած  լինի տարբեր խնդիրներ ունեցող անձանց  հետ:

Մասնակիցներից  մեկին հետաքրքրրեց՝ արդյո՞ք  հոգեբանը  իրավունք  ունի աշխատելու հոգեբուժական խնդիրներ ունեցող  մարդու հետ: Անի Ապիտոնյանը պատասխանեց, որ այն պետք  է  իրականացվի միայն հոգեբույժի հետ համագործակցելով:

Պրակտիկայում լինում են  դեպքեր, երբ  այցելուն խուսափում է  հոգեբույժից, իսկ հոգեբանն էլ նկատում է, որ նրա  մոտ կա  հոգեբուժական կամ սահմանային խնդիր, այդ  դեպքում պետք  է  ուղղորդում կատարի: Հաճախ լինում է, որ այցելուները չեն պատկերացնում իրենց խնդիրը և հրաժարվում են այդ  ուղորդումից: Հոգեբանի դերն այստեղ այն է, որ նա  շարունակի աշխատել այնքան,մինչև անձը ցանկանա  այցելել հոգեբույժին:

Դրանից  հետո, ախտորոշման համաձայն, կատարվում է  աշխատանքը: Շատ կարևոր է, որ մասնագետը գիտակցի, թե ինչ խնդիրների հետ չի կարող  աշխատել և ժամանակին հրաժարվի:

Սուպերվայզերը հոգեբաններին զինում է  նաև անհրաժեշտ գիտելիքներով, պրակտիկ գործիքներով: 

Որպես  հանդիպման ամփոփում՝ Անի Ապիտոնյանը մասնակիցների համար կիրառեց հոգեբանական թեստ, որը որոշում է  մարդու  նպատակաուղվածությունը:  Նա  խորհուրդ  տվեց հստակեցնել նպատակները և ձգտել  թե՜ անձնային, թե՜  մասնագիտական աճի:

 


«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

 



Դիտվել է 825 անգամ