Սարսափելի կարանտի՞ն․ կամ էլ՝ ոչ այնքան․ ժամանակն արդյունավետ անցկացնելու խորհուրդներ Լիլիթից


2020-04-14

 Ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ:

Ասեմ ավելին` ամեն ինչ շատ ավելի հրաշալի է, քան մենք ենք պատկերացնում:

Եթե դու ունես համակարգիչ և ինտերնետ հասանելիություն, ապա ինքնամեկուսացման այս շրջանը քեզ համար հնարավորութնունների, կարողությունների բացահայտման շրջան է:

Ֆեյսբուքում թրև գալով ու բողոքելով անհետաքրքիր կյանքից՝ ոչ կյանքը հետաքրքիր կդառնա, ոչ էլ ինչ- որ բան կփոխվի: Ասեմ ավելին՝ համոզված եմ, որ ամենաշատ բողոքողների մեծամասնությունը մինչև համավարակն էլ աչքի չի ընկել իր հետաքրքիր կյանքով. այնպես չէ՞, խոստովանե´ք:

Երբևէ չե՞ք երազել անսահման ազատ ժամանակի մասին, այն ինչ-ինչ հետաքրքրությունների բավարարման համար օգտագործելու մասին: Առաջ ժամանակ չկար օտար լեզուներ սովորելու, համակարգչային ծրագրերում հմտանալու, ժամանակ չկար սիրելի գրքերը կարդալու համար և այլն, և այլն: Բայց արի ու տես, որ հիմա ժամանակ կա, իսկ ցանկությունը՝ ո՞չ:

Ես զարմանում եմ ձանձրացողների վրա այն պարագայում, երբ ինքս մեկը մեկից հրաշալի թեմաներ,զբաղմունքներ եմ գտել ու անգամ չեմ կողմնորոշվում՝ որտեղի՞ց սկսել:

Գուցե մեր հետաքրքրությունները չհամընկնեն՝ գլուխդ չեմ տանի, բայց գիտեմ մի բան ՝ Google-ից ի՞նչ հարցնես, որ քեզ չպատասխանի՝ որքան շատ թեմա, այնքան ուսումնասիրելու նյութ: 

Եթե դու պատանի ես ու սիրում ես համակարգչային խաղեր խաղալ, ժամանկը չէ՞, որ հետաքրքրվես ու ուսումնասիրես,թե ինչպես են ստեղծում այդ խաղերը, միգուցե քո մեջ մի հանճա՞ր է թաքնված:

Կամ, ասենք, ռոմանտիկ պատանի ես, ով միշտ երազել է իր գիրքը գրել. բոլոր հրաշալի ստեղծագործությունները ծնվում են դժվար օրերին ու դժվարությամբ. օգտվի´ր քո դժվարությունից:

Բարձր դասարանի աշակե՞րտ ես, ով մտածում է քննությունների մասին․ ի՞նչ ենք անելու այս տարի, ինչպե՞ս եմ հասցնելու և այլն, և այլն: Հավատա´ ՝ դրանք հարցեր են, որոնք հնչում են ամեն տարի՝ քեզպեսների շուրթերից:

Հարցերը մի կողմ թող: Նախանձելի հնարավորություն է ստեղծվել՝ ուսումնասիրելու տարբեր մասնագիտություններ, որոնց մեջ երկմտում ես:

Բժշկությունը սպիտակ խալաթը չէ, ոչ էլ ոստիկանության ակադեմիայում սովորելն՝ այդ գեղեցիկ համազգեստը, իհարկե´ բանկի կառավարչի աշխատանքի մասին շատերն են երազում, բայց ավարտելուն պես չեն դառնում կառավարիչ:

Ուսումնասիրի´ր քեզ  հետաքրքրող մասնագիտությունները՝ սկսած ուսումական գործընթացից, վերջացնելով հենց մասնագիտական դժվարությունները: Գունավոր ակնոցը մի կողմ ենք դնում և ռեալ նայում մասնագիտությանը:

Ինչպե՞ս:

Ամենապարզից սկսեմ: Երբ Google-ին հարց ես տալիս, նա քեզ պատասխանում է որևէ հոդվածով: Այդ հոդվածի մեջ բանալի բառեր կան, տերմիններ, անձանց անուններ, իրադարձություններ, ուսումնասիրի´ր նաև դրանք, գուցե կայքեր էլ գտնես, որոնք քեզ էլի ինչ-որ տեղ կուղորդեն: Սա ամենապարզն էր:

Մեկ այլ տարբերակ. սոցցանցերից գտի´ր քեզ հետաքրքիր մասնագիտությամբ անձանց, սովորաբար կայացած մասնագետներն ընդունում են հայտերը, նրանք սիրում են կիսվել իրենց հաջողություններով, մասնագիտական կարծիքով և այն: Հետևելով նրանց էջերին՝ բավականին իրական պատկերացում կարելի է կազմել մասնագիտության մասին: Ծանոթացի´ր և զրուցիր ուսանողների հետ, լավ կլինի գտնես այնպիսիններին, որոնք իրականում ձգտում են լավ մասնագետ դառնալ, նման ուսանողները չեն խուսափի հարցերից և կարողության դեպքում կօգնեն, որովհետև գիտեն պատասխանները: Ի վերջո՝ տեսադասեր Youtube- ում, տարբեր մասնագիտությոոնների մասին ֆիլմեր, որոնք և´ ժամանց կապահովեն, և´ ինֆորմացիայի աղբյուր կլինեն:

Ողջ օրը քաղաքականության մասին հրապարակումներ կարդալու, մասնագիտությունից բողոքելու, Ձեր մասնագիտության չպահանջված լինելուց բողոքելու փոխարեն կարելի է նոր հմտություններ սովորել:

Աշխատաշուկայի պահանջները շատ են փոխվել: Անգամ եթե քեզ հաջողվել է ավանդական ԽԾԲ-ով ընդունվել աշխատանքի, ծուլանալու դեպքում չսպասես մասնագիտական առաջընթացի: Առաջընթացի միակ պայմանը կարողությունների զարգացումն է։ Հետո էլ, դրանք ամենաբարդ աշխատանքն անգամ կհեշտացնեն:

Եթե գործդ պահանջում է միայն MS Exel և MS Word ծրագրերի իմացություն, համոզված եղիր, դրանք քեզ անհայտ այնքան գործիքներ ունեն, որոնք կարող ես բացահայտել ինքդ կամ տեսադասերով: Պատկերացրու՝ ոնց կզարմացնես կոլեգաներիդ:

Ես ներկայացրեցի մի փոքր հատվածն այն մտքերի, որոնք կարելի էր իրականացնել. ցուցակն անհամեմատ երկար է:

Մեր ազատ ժամանակն իրականում այդքան էլ ազատ չէ:

Եթե կան հետաքրքրություններ, եթե կա ցանկություն հետաքրքիր ժամանակ անցկացնելու, ապա կարանտինը ոչ թե սահմանափակում է, այլ բացահայտում անսահման հնարավորություններ. ինչու՞ չօգտվել առիթից։

 

 

Սիրով՝  Լիլիթ Գրիգորյան ))) 



Դիտվել է 1071 անգամ