Սննդի և անհատական պաշտպանական միջոցների երկու ամսյա փաթեթներ տարեցներին


2020-04-09

Մարտի 27-ից «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ) ՀԿ-ն Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի (Open Society Foundations – Armenia) ֆինանսական աջակցությամբ,  օգնություն է տրամադրում «Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագրի շահառու տարեցներին։

«Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագիրը ԱԶԿ ՀԿ-ն իրականացնում է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարության (ԱՍՀՆ) պատվիրակմամբ՝ 2020թ-ի փետրվարից, Արմավիրի մարզում։

Մոտ մեկ ամսվա ընթացքում ծրագրով հայտնաբերվել էին թվով 130 շահառուներ Արմավիր և Մեծամոր քաղաքներից։ Նրանց շրջանում իրականացվել է կարիքի գնահատում և ապա կնքվել ծառայությունների անվճար մատուցման պայմանագիր։

Քանի որ նոր տիպի կորոնավիրուսի (COVID 19) համավարակի պայմաններում տարեցները ամենախոցելի խումբն են, ուստի, որպեսզի նվազագույնի հասցվի տարեցների շփումը արտաքին աշխարհի հետ և նվազեցվի նրանց վարակվելու հավանականությունը, ԱԶԿ ՀԿ-ն փորձեց հավելյալ ֆինանսական միջոցներ հայթայթել այս ծրագրով շահառուներին սննդով և հիգիենայի անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար։

Մեր այս խնդրանքին արձագանքեց Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը, որի շնորհիվ հնարավոր դարձավ ԱՍՀՆ-ի և պարետի կողմից հաստատված սննդի և անհատական պաշտպանական միջոցների երկու ամսյա փաթեթների տրամադրումը «Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագրի 130 շահառուներին, ովքեր միայնակ, աղքատության նպաստ ստացող, հաշմանդամություն ունեցող թոշակառուներ են։

ԱԶԿ ՀԿ-ի աշխատակիցներն ու կամավորները ապրիլի 2-ին ավարտեցին  աշխատանքները. 130 շահառուները ստացան իրենց փաթեթները։ Նշենք, որ այս գործընթացում ներգրաված անձիք խստագույնս հետևել են Առողջապահության նախարարության կողմից մշակված՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր քայլերին։

Ապրում ենք դժվարին ժամանակներում, որը սակայն, ժամանակավոր է ու վստահ ենք, որ պատվով դուրս կգանք այս իրավիճակից, եթե միայն ՄՆԱՆՔ  ՏԱՆԸ։

Հուսով ենք ու հավատացած, որ մեր շահառուների կարիքները հոգալով՝ նպաստում ենք ինչպես երկրում համավարակի տարածման կանխարգելման գործընթացին, այնպես էլ օգնում շատ տարեցների խուսափելու վիրուսի անդառնալի հետևանքներից։

 

 



Դիտվել է 476 անգամ